Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Խաղում են աստղերը

Խաղում են աստղերը
26.11.2012 | 16:08

Բունդեսլիգայում «Նյուրնբերգի», Չեմպիոնների լիգայում «Վալենսիայի» հետ ունեցած երկու ոչ-ոքիից հետո Մյունխենի «Բավարիան» նորից ճաշակեց հաղթանակի բերկրանքը` երկրի ներքին առաջնությունում իսկական կոտորած սարքելով «Հաննովեր-96»-ի գլխին: Մյունխենցիները խաղը շահել են 5:0 հաշվով: Առաջատար եռյակի մեջ խմբագրումներ արեց Դորտմունդի «Բորուսիան»` արտագնա խաղում առավելության հասնելով «Մայնցի» նկատմամբ (2:1) ու դուրս գալով երկրորդ հորիզոնական: Դա հնարավոր եղավ այն բանից հետո, երբ «Շալկե-04»-ը սեփական հարկի տակ ոչ-ոքի` 1:1 ավարտեց հանդիպումն «Այնտրախտի» հետ:
«Մանչեստր Յունայթեդը» «Գալաթասարայի» հետ Չեմպիոնների լիգայում իր համար առանցքային նշանակություն չունեցող խաղում կրած պարտությունից հետո «Օլդ Թրաֆորդում» հաղթեց «Քուինզ Պարկ Ռեյնջերսին» (3:1)` տխուր ավանդույթի համաձայն կրկին առաջինը գոլ բաց թողնելով: Հաղթանակն Ալեքս Ֆերգյուսոնի թիմին երեսուն միավորով դուրս բերեց աղյուսակի առաջին հորիզոնական, քանի որ առանցքային մյուս խաղում «Մանչեստր Սիթին» հյուրընկալվելիս գոլազուրկ ոչ-ոքի խաղաց Ռաֆա Բենիտես նոր մարզիչ ունեցող «Չելսիի» հետ: «Մանչեստր Սիթին» ներկայումս ունի քսանինը (երկրորդ տեղ), «Չելսին»` քսանհինգ միավոր (չորրորդ տեղ):
Իսպանիայի առաջնությունում ամենախոշոր անակնկալը մատուցեց «Բետիսը»: Որքան էլ Մադրիդի «Ռեալը» ջանաց, չկարողացավ արտագնա խաղում խուսափել պարտությունից (0:1), ինչը Մոուրինյոյի թիմին նկատելիորեն հետ գցեց չեմպիոնական մրցավազքում «Բարսելոնին» հասնելու հնարավորությունից: Այժմ նրանց միջև միավորների տարբերությունը տասնմեկ է, քանի որ, դարձյալ արտագնա խաղում, կատալոնցիները 4:0 հաշվով հաղթեցին «Լևանտեին» ու հավաքած միավորների թիվը հասցրին երեսունյոթի: Հընթացս նկատենք, որ «Ռեալի» համար որոշակիորեն սկսում է պրոբլեմային դառնալ նաև երկրորդ տեղի համար պայքարը: Մայրաքաղաքային մյուս թիմը` «Աթլետիկոն», արծաթի համար պայքարում լրջորեն է կպել գործի: Դրա վկայությունը 4:0 հաշվով ծանրակշիռ հաղթանակն էր «Սևիլիայի» նկատմամբ, որը նրա հավաքած միավորների թիվը դարձրեց երեսունչորս: Ի դեպ, դաշտից առանց գոլի չի հեռացել Ռադամել Ֆալկաոն: Շնորհիվ դուբլի, ռմբարկուների մրցավազքում նա նորից հասավ Ռոնալդուին ու պորտուգալացու պես ակտիվում ունի տասներկու գնդակ: Ինչ վերաբերում է Մեսիին, նա սովորականի նման խփել է իր հերթական երկու գոլն ու արդեն յոթ գնդակով է առաջ պոկվել հետապնդող զույգից: Սակայն այս թիվ-թվաբանության մեջ, հարգելի ընթերցող, երևի այդ տասնինը գոլն էլ չէ կարևորը: Համաշխարհային ֆուտբոլի ամենավառ աստղը կատաստրոֆիկ արագությամբ է մոտենում մեկ օրացույցային տարում լեգենդար Գերդ Մյուլերի ութսունհինգ գոլ կազմած ռեկորդին: Եվս երեք գնդակ և Լիոնել Մեսին կհավասարվի նրան, իսկ եթե աչքի տակ ունենանք և այն, որ նա դեռ ութ հանդիպում էլ ունի անցկացնելու ընթացիկ տարում, ապա ֆանտաստիկայի ոլորտից կլինի, եթե գերմանացու ռեկորդը շարունակի անսասան մնալ:
Իտալիայի առաջնությունում ծանր, սակայն պատվաբեր հաղթանակ տարավ «Միլանը»` «Յուվենթուսին» թողնելով երեսուներկու միավորով: «Ծեր սինյորային» էապես մոտենալու փայլուն հնարավորություն ունի «Ինտերը», որը, քսանութ միավորի կողքին ունի պակաս անցկացրած մեկ խաղ: Այստեղ վատ չեն դիտվում նաև չորրորդ տեղում ընթացող «Նապոլիի» հնարավորությունները (տասներեք խաղ` քսանյոթ միավոր), սակայն հասկանալի է, որ առաջատարին մոտենալու համար «Ինտերի» պես նրան էլ է հաղթանակ պետք:
Ֆրանսիայի առաջնությունում «Մարսելը» հաղթեց «Լիլին» ու հավասարվեց ՊՍԺ-ին, որը «Թրուայայի» հետ հանդիպումում հաղթանակ էր տոնել 4:0 հաշվով (երկու գոլ հեղինակել է Զլատան Իբրահիմովիչը): Սակայն այստեղ կա մի բայց: «Մարսելը» մեկ պակաս խաղ է անցկացրել: Առաջատարներին շրջանցելու փայլուն հնարավորություն ուներ «Բորդոն», սակայն «Մոնպելիեից» 0:1 հաշվով կրած պարտությունը նրան թողեց հետապնդողի դիրքերում: Ի դեպ, ֆրանսիական առաջնության աղյուսակում էական փոփոխություններ կարող է մտցնել նոյեմբերի քսանիննին նշանակված, տասներորդ տուրից բաց թողնված «Մարսել»-«Լիոն» հանդիպումը, սակայն մինչև նշված ժամկետը, հասկանալի է, բավականին ժամանակ կա:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3428

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ